Հայկական Հեմմոլոգիական Լաբարատորիա և Ակադեմիա, ստորաբաժանում <<Զանգ>> ՍՊԸ

 

Ադամանդի դասակարգումը

 

 

    Ադամանդի դասակարգումն, ըստ էության, դրա գեղեցկության, հազվագյուտության և երկարակեցության տարակարգի որոշումն է: Դա ադամանդի տաշվածքի երկրաչափական ճշգրտության, գույնի և մաքրության բնութագրի գնահատումն է և դիրքորոշումը համապատասխան սանդղակի վրա: Այդ ամենն, իր հերթին, բխում է տվյալ ալմաստի ֆիզիկական և ձևաբանական բնութագրերից:       Հայաստանում ադամանդի մշակումն արդյունաբերական հիմքերի վրա է դրվել դեռևս 1960-ականներին, և, բնականաբար, հիմք է ընդունվել ադամանդի դասակարգման խորհրդային, այսինքն՝ ռուսական համակարգը (ТУ на бриллианты, Гознак 1963), որը վերջին քառասուն տարվա ընթացքում երկու անգամ փոփոխության է ենթարկվել՝ (ТУ 25.07.1319-77) և (ТУ 117-4.2099-2002): Այն խիստ գաղտնի համակարգ էր, ինչպես և ադամանդագործության հետ կապված առհասարակ ամեն ինչ: Ոլորտը խստագույնս հսկվում էր պետական անվտանգության մարմինների կողմից: Մարդիկ խանութից գնում էին ադամանդե մատանի՝ հաճախ գաղափար անգամ չունենալով դրա որակական բնութագրերի վերաբերյալ: Ճիշտ է, պիտակի վրա մանրամասնորեն նշվում էին զարդին վերաբերող բոլոր տվյալները, սակայն շատ քչերն էին հասկանում, թե ինչ էին նշանակում այդ թվերն ու հապավումները: Ինչևէ, այդ համակարգով աշխատեցին սերունդներ, վարպետացան մասնագետներ, որոնք իրենց գիտելիքները <<Խիստ գաղտնի>> մակագրով փոխանցեցին հաջորդ սերունդներին:      

      Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ ադամանդի գործը դարձավ ավելի հասանելի, բացվեցին սահմանները, և հայկական ադամանդը զգուշորեն քայլ կատարեց դեպի ազատ շուկա: Պարզվեց, որ ժառանգված Խորհրդային համակարգում չկան հստակ ստանդարտներ և չափանմուշներ: Ամեն փորձագետ յուր դատողություններն ուներ ТУ-ի վերաբերյալ: Ավելին, արտասահմանում ոչ ոք չի ճանաչում և, ճիշտն ասած չի էլ ուզում ճանաչել այդ Խորհրդային համակարգը: Ողջ աշխարհը ադամանդի մասին խոսում է Ամերիկայի Գեմոլոգիական Ինստիտուտի (GIA) ստեղծած լեզվով: Այստեղ նույնպես կային խոչնդոտներ: Ամերիկայի Գեմոլոգիական Ինստիտուտը անհասանելի էր հայ ադամանդագործների գերակշռող զանգվածի համար թե՛ միջպետական սահմանների, թե՛ ուսման թանկության պատճառով: Հայերն, ինչպես միշտ, սովորեցին <<ձեռքի հետ>>, սպունգի պես կլանելով ամեն նոր բառ, ձևակերպում և մեթոդ: Սովորեցին արագ և ստեղծագործաբար: Չէ որ կան ավանդույթներ և <<փեշակի>> ընկալման ազգային տաղանդ:      

      Ոսկու և թանկարժեք քարերի տոնավաճառները ձևավորեցին ներքին շուկան, որտեղ և տարերայնորեն ստեղծվեց ադամանդի դասակարգման վերաբերյալ խոսակցական մասնագիտական մի նոր լեզու, որն ինչպես պարզվեց, զարմանալիորեն համապատասխանում էր Ամերիկայի Գեմոլոգիական Ինստիտուտի (GIA) համակարգի սկզբունքներին:

     XXI-րդ դարի շեմին ադամանդագործությունը խթանելու նպատակով մեր երկրում ստեղծվեց աննախադեպ տնտեսա-իրավական դաշտ: Արտադրության աճին զուգահեռ աշխուժացավ շուկան: Հայ ադամանդագործների խոսակցական լեզուն աշխարհով մեկ ճանաչում գտած GIA լեզվի հետ հիմնովին համապատասխանեցնելու ծայրահեղ անհրաժեշտություն առաջացավ, միաժամանակ պահպանելով <<հայկական>> մոտեցման պարզությունն ու կիրառելիությունը` առհասարակ առևտրում և մասնավորապես ներքին շուկայում:

      Ստորև բերված համակարգը զուտ թարգմանություն չէ, սա հենց այդ <<հայկական>> գործնական և պարզ համակարգն է, որը հիմնված է Ամերիկայի Գեմոլոգիական Ինստիտուտի (GIA) ադամանդի դասակարգման համակարգի վրա և առաջնորդվում է նույն չորս սկզբունքներով:

      Չորս  <<C>>, չորս չափանիշ, որոնց համատեղ դիտարկումը թույլ է տալիս գնահատել, համեմատել և նույնականացնել ադամանդը: Դրանք են՝ 

Carat weight – կարատային քաշը,

Color – գույնը

Clarity – մաքրությունը,

Cut – տաշվածքը: