Հայկական Հեմմոլոգիական Լաբարատորիա և Ակադեմիա, ստորաբաժանում <<Զանգ>> ՍՊԸ

 

    Ադամանդի գույն ասելով, մենք հասկանում ենք դրա անգույնից տարբերվելու աստիճանը: Մարդու աչքի համար ընկալելի բացարձակ անգույն ադամանդները չափազանց հազվագյուտ են, և հետևաբար` բացառիկ արժեքավոր:

   Ադամանդների մեծամասնությունն ունի տարաստիճան դեղին կամ դարչնագույն երանգ: Եվ որքան քիչ է այդ երանգը կամ նշույլը տարբերվում անգույնից, այնքան ավելի արժեքավոր է ադամանդը:

    Մարդու աչքը, լինելով ճշգրիտ օպտիկական սարք, գունային հիշողությունից զուրկ է: Համեմատության մեջ մենք իվիճակի ենք տարբերել հազարավոր երանգներ, սակայն, օրինակ՝ դեղնավուն կանաչի և կանաչավուն դեղնի միջև հստակ սահմանը, առանց փորձանմուշի՝ որոշել չենք կարող: Մեր գունային ընկալումը կախված է զանազան արտաքին գործոններից՝ օրվա ժամից, լուսավորությունից, արտաքին միջավայրի գունային գամմայից, տրամադրությունից, ինքնազգացողությունից և այլն: Ուստի գույնի հստակ դասակարգումը, առանց հատուկ սարքերի, կամ գույնի փորձանմուշների՝ անհնար է: Այսպիսով, գույնը դասակարգվում է փորձանմուշների օգնությամբ: 

 

 

 

 

      Գույների նկարագրերն, ըստ դասերի, հետևյալն են՝

       <<Բացարձակ սպիտակ>> (D-E) կդասվեն այն ադամանդները, որոնց փուշին և եզրագոտուն կից հատվածներում առողջ մարդու աչքը ցերեկային ցրված լույսի տակ տաղավարի կողմից սպիտակ թղթի ֆոնի վրա քարը զննելիս, չի նկատի որևէ երանգ:

       <<Հազվագյուտ սպիտակ>> (F-G) կդասվեն այն ադամանդները, որոնց փուշին և եզրագոտուն կից հատվածներում առողջ մարդու աչքը ցերեկային ցրված լույսի տակ տաղավարի կողմից սպիտակ թղթի ֆոնի վրա քարը զննելիս, կարող է նկատել հազիվ ըմբռնվող երանգ:

       <<Սպիտակ>> (H) կդասվեն այն ադամանդները, որոնց փուշին և եզրագոտուն կից հատվածներում առողջ մարդու աչքը ցերեկային ցրված լույսի տակ տաղավարի կողմից սպիտակ թղթի ֆոնի վրա քարը զննելիս, կնկատի թեթև երանգ:

       <<Թույլ երանգով>> (I-J) կդասվեն այն ադամանդները, որոնց ողջ ծավալում առողջ մարդու աչքը ցերեկային ցրված լույսի տակ տաղավարի կողմից սպիտակ թղթի ֆոնի վրա քարը զննելիս, կնկատի թույլ երանգ: Այդ ադամանդները թագի կողմից լրիվ սպիտակ տեսք ունեն:

       <<Երանգավոր>> (K-L-M) կդասվեն այն ադամանդները, որոնց ողջ ծավալում առողջ մարդու աչքը ցերեկային ցրված լույսի տակ տաղավարի կողմից սպիտակ թղթի ֆոնի վրա քարը զննելիս, պարզ երանգ կտեսնի: Թագի կողմից զննելիս, այդ ադամանդներում հնարավոր է նկատել թույլ երանգ:

       <<Բաց գունեղ>> (N-O-P) կդասվեն այն ադամանդները, որոնց ողջ ծավալում առողջ մարդու աչքը ցերեկային ցրված լույսի տակ ցանկացած կողմից սպիտակ թղթի ֆոնի վրա քարը զննելիս, բաց գույն կտեսնի:

         <<Գունեղ>> (Q-Z) կդասվեն այն ադամանդները, որոնց գույնը տեսանելի է ցանկացած կողմից, ցանկացած լուսավորության տակ, բայց բավականաչափ հագեցած և հրապուրիչ չէ:

        Բացառիկ հազվագյուտ են հագեցած և պայծառ գույն ունեցող ադամանդները: Դրանք կարգվում են որպես <<Երևակայական>>` <<Fancy>> գույնի, կամ այլ կերպ` <<Գունագեղ>> ադամանդներ: Այստեղ արժեքի գործոնը հակառակն է` որքան ավելի հագեցած և պայծառ է գույնը, այնքան ավելի արժեքավոր է ադամանդը: Կարմիր, կապույտ, վարդագույն և կանաչ ադամանդները չափազանց հազվագյուտ են, հետևաբար` բացառիկ արժեքավոր: