*****
14.03.2022թ.ից կմեկնարկի մեր հերթական դասընթացը՝ "Ադամանդի դասակարգում" մասնագիտությամբ: Տեղերը սահմանափակ են: Շտապեք ընդգրկվել խմբում:
Հեռ.: 099-50-14-33 (Հեղինե)
***
Ողջունում եմ մեր կայքի բոլոր այցելուներին: Համոզված եմ, որ այստեղ տեղադրված տեղեկությունները կհետաքրքրեն շատերին, հատկապես նրանց, ովքեր անտարբեր չեն գեղեցկության ցանկացած դրսևորման նկատմամբ:
Թանկարժեք քարերը բնության առավել զարմանահրաշ և մոգական առեղծվածներից են և անհիշելի ժամանակներից են գրավել մարդու ուշադրությունն ու միգապատել նրա գիտակցությունը: Դրանք գեղեցիկ են, ուստի կարող են գեղեցկացնել, իսկ ձգտումը դեպի գեղեցիկը միշտ հատուկ է եղել մարդուն, ինչպես և հատուկ է եղել գեղեցկությանը տիրելու անշահախնդիր կիրքը:
Գեղեցկության հետ մեկտեղ թանկարժեք քարերը չափազանց հազվագյուտ են, ու քանզի մարդն էությամբ սնապարծ է` հազվագյուտին տիրելու մոլուցքը հաճախ դառնում է անհաղթահարելի:
Գեղեցկությունը ժամանակի և արտաքին միջավայրի անողոք ազդեծությունից պահպանելու համար մարդը պատրաստ է աննախադեպ ծախսեր կատարել, մինչդեռ թանկարժեք քարերի դեպքում, երկարակեցությունը բնական որակական հատկություն է:
Քարի արժեքի գաղտնիքը թաքնված է դրա միաժամանակ գեղեցիկ, հազվագյուտ և երկարակյաց լինելու մեջ, և որքան ավելի են այդ հատկություններն արտահայտված, այնքան ավելի արժեքավոր է քարը: Այդ իսկ պատճառով թանկարժեք քարերը միշտ եղել են սիրո և հավատարմության, հարստության և իշխանության, վեհության և հավերժության խորհրդանիշ: Մի ամբողջ տարերք` սեղմված քարե փոքրիկ բազմանիստի ներդաշնակ համաչափության մեջ:
Ակնագործությունն ու ոսկեգործությունն այն եզակի մասնագիտություններից են, որոնք նախասահմանված են միայն ուրախության և երջանկության համար: Մեր երկրում դրանք խոր արմատներ ունեն, բայց մինչ վերջերս մնացել էին զուտ որպես արհեստ: <<Քար նայող>> մասնագիտություն աշխարհում չկա, պարզապես մենք հայերս այդպես ենք <<տնավարի>> անվանել գեմոլոգներին: Գեմոլոգիան (հայերեն՝ գոհարաբանություն) հենց այն գիտությունն է, որն ուսումնասիրում է ակնագործության և ոսկեգործության հետ առնչվող բոլոր խնդիրները: Gemology` բառացի նշանակում է` գիտություն թանկարժեք քարերի մասին:
<<Զանգ>> գիտաուսումնական լաբորատորիայի հիմնադիր Ա.Զանգինյան: