*****
Անցյալ չորեքշաբթի օրը, օգոստոսի 9-ին, «Lucara Diamond Corp.» ընկերությունն իր կողմից շահագործվող Բոտսվանայի «Կարովե» հանքից արդյունահանել է հերթական հսկա ալմաստը: Քարը IIa տիպի ալմաստ է և դրա քաշը կազմում է 1080,1 կարատ:
Սա վերջին ութ տարվա ընթացքում Բոտսվանայում հայտնաբերված չորրորդ հսկա ալմաստն է, որի քաշը գերազանցում է 1000 կարատ նշաձողը: 2015 թվականին հայտնաբերվեց 1109 կարատանոց «Lesedi La Rona»-ն, 2019-ին՝ 1758 կարատանոց «Sewelô»-ն և 2021-ին՝ հերթական 1174.76 կարատանոց ալմաստը:

*****
Մարտին Ռապապորտի խոսույթը սինթետիկ ադամանդների հետ կապված խարդախությունների դեմ ուղղված պայքարի և ռուսական ալմաստների հանդեպ պատժամիջոցների կիրառման անարդյունավետության վերաբերյալ
Ռապապորտի մամլո հաղորդագրություն 16 մարտի 2023թ. Լաս Վեգաս.
«Ռապապորտ Գրուպ»-ի (Rapaport Group) նախագահ Մարտին Ռապապորտը 2023 թվականի մարտի 20-ին ելույթ կունենա ադամանդագործների ակումբում (Diamond Dealers Club): Նա կքննարկի սինթետիկ (արհեստական) ադամանդներ վաճառողների համակարգված խարդախությունները, առ այն, որ նրանք չեն բացահայտում ողջ ճշմարտությունը սինթետիկ ադամանդների գների անկման վերաբերյալ: Դրանց մեծածախ գները B2B (Business to Business, մասնավորապես արտադրողների և մեծածախ վաճառականների միջև) ասպարեզում անկում են ապրել Ռապապորտի բնական ադամանդների գնացուցակից հաշվարկված մոտ 98%-ով, սակայն վաճառողները շարունակում են համեմատություններ անցկացնել սինթետիկ և բնական ադամանդների գների միջև, թաքցնելով այն փաստը, որ սինթետիկ ադամանդները չեն պահպանում իրենց արժեքը, քանի որ արտադրվում են անսահմանափակ քանակություններով:
Ռուսական ադամանդների նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները չեն գործում: Դա կապված է առկա «սողանցքի» հետ, պայմանավորված «էական փոխակերպման» բացով, ինչը թույլ է տալիս ռուսական ալմաստները մշակել Ռուսաստանից դուրս և ներկրել հղկված ադամանդները ԱՄՆ:
Բոլոր «էթիկական» վաճառականները, որոնք հրաժարվում են գործ ունենալ ռուսական ադամանդների հետ, գտնվում են անբարենպաստ պայմաններում այն մատակարարների հանդեպ, ովքեր ԱՄՆ են ներկրում ռուսական արտադրության հղկված ադամանդներն ավելի ցածր գներով: Կառավարության անարդյունավետ և ապակողմնորոշիչ կանոնակարգերը ստեղծում են անհավասար խաղադաշտ, որը պատժում է «էթիկական» վաճառողներին՝ միաժամանակ արտոնյալ կարգավիճակ տալով նրանց, ովքեր աշխատում են պատժամիջոցները շրջանցելով: «Ադամանդների մատակարարման շղթան գտնվում է ոչ բարոյական աղբյուրների ճնշման տակ:
Ադամանդների և ոսկերչական իրերի օրինական առևտուրն ակտիվ առաջ է շարժվում՝ ապահովելով իր հաճախորդների համար թե´ արտադրանքի բնական ծագումը, և թե´ դրա սոցիալական պատասխանատվությունն ու բովանդակությունը: Բնական ադամանդները միշտ եղել են էմոցիոնալ և ֆինանսական ապահովության բարձրագույն նշանակը: Ադամանդի առևտրի ամենամեծ առաքելությունը դա ադամանդների արժևորման աճն է ճշմարտացի տեղեկատվության միջոցով. որտեղից են գալիս մեր ադամանդները և ինչպես են դրանք օգնում աշխարհն ավելի լավը դարձնել»,- ասել է Մարտին Ռապապորտը:
*****
Աշխարհն անցնում է տնտեսական, սոցիալական և քաղաքական մեծ փոփոխությունների միջով և այս պարագայում ադամանդագործական և ոսկերչական արդյունաբերությունը կանգնում է աննախադեպ մարտահրավերների առջև, թեև դրա հետ մեկտեղ մեծ հնարավորություններ են բացվում: Այս անորոշ ժամանակահատվածում առաջ գնալու լավագույն ճանապարհը՝ գործունեությունը կենտրոնացնելն է այն բանի վրա, ինչը որոշակի է և կայուն:
Ադամանդների և ոսկերչական իրերի պահանջարկի հիմքը՝ մարդու էմոցիոնալ և ֆինանսական ապահովվածության զգացողությունն է: Դա հիմնարար անհրաժեշտություն է, որը բխում է մարդու էությունից և անմիջականորեն կապված է սերունդ ստեղծելու ձգտման հետ: Անկախ նրանից, թե ով եք դուք, երբ և որտեղ եք գտնվում, եթե ցանկանում եք երեխաներ ունենալ, ձեզ անհրաժեշտ է ֆինանսական և էմոցիոնալ ապահովվածություն: Այս ամենը բխում է Դարվինյան տեսությունից:
Ֆինանսական և էմոցիոնալ ապահովվածության զգացողության և ադամանդների միջև խորհրդանշական կապի պահպանման դերն այս պարագայում կատարում է առևտուրը:
Համաշխարհային տնտեսական ճգնաժամերը, պատերազմները, համաճարակները, ժողովրդագրությունն ու այլ գործոններ մեծ ազդեցություն ունեն ֆինանսական և ադամանդի շուկաների վրա և այստեղ գումար աշխատելու կամ կորցնելու հնարավորություններն անսահման են: Այնուամենայնիվ, ադամանդի արդյունաբերության ապագան հիմնված չէ կարճաժամկետ հնարավորությունների վրա: Իհարկե, բոլորս էլ ուզում ենք օպտիմալացնել կարճաժամկետ և միջնաժամկետ հնարավորությունները: Հանգուցայինն այն է, որ ադամանդներն ավելին են, քան կարճաժամկետ առևտրային հնարավորությունները: Դրանք արժեքի պահպանման երկարաժամկետ խորհրդանշական միջոց են:
Ադամանդի առևտրի առջև ծառացած ամենամեծ մարտահրավերը մարդկային ագահությունն է: Շուկան սինթետիկ ադամանդները ներկայացնելով որպես բնական ադամանդների փոխարինող, դրանց վաճառքի և շուկայական առաջխաղացման միջոցով դիտավորյալ ոչնչացնում է բնական ադամանդների հիմքում ընկած արժեվորման գործոնը:
Սինթետիկ, կամ այլ կերպ՝ արհեստական, լաբորատորիայում աճեցված ադամանդները առևտրի յուրօրինակ բիթքոյնն են: Իրականում, դրանք ավելի վատն են, քան բիթքոյնը, քանի որ դրանցում բացակայում է հազվագյուտության գործոնը: Արհեստական ադամանդների արժեքը հետևողականորեն նվազում է։ Չնայած նրան, որ հազվագյուտության գործոնն իսպառ բացակայում է և, ըստ այդմ, արհեստական ադամանդները չունեն արժեքի պահպանման կարողություն, դրանք վաճառվում են բնական ադամանդների հետ համադրաբար, առանց վերոնշյալ իմաստի բացահայտման:
Ըստ էության, ադամանդի արդյունաբերությունը առևտրում կարճաժամկետ, անկայուն շահույթի դիմաց վնասում է բնական ադամանդների համբավը՝ որպես արժեքի պահպանման միջոց: Շատերը, եթե ոչ մեծամասնությունը, գործում են անազնիվ և անբարոյական կերպով, ամբողջապես չբացահայտելով սինթետիկ ադամանդների էությունը արժեքի պահպանման տեսակետից:
2021 թվականի դեկտեմբերի 17-ին Rapaport Group-ը մանրամասն ներկայացրել է իրավիճակը Ոսկերչական իրերի պատասխանատու խորհրդին (RJC), խնդրելով սահմանել սինթետիկ ադամանդների ամբողջական բացահայտման ստանդարտները, սակայն մինչ այժմ, ավելի քան մեկ տարի անց, որևէ քայլ չի ձեռնարկվել:
Ի վերջո, սինթետիկ ադամանդների շուկան կփլուզվի, քանի որ գները շարունակում են նվազել: Նախկինում դա արդեն տեղի է ունեցել սինթետիկ սուտակների, զմրուխտների և շափյուղաների հետ։ Մանրածախ առևտրով զբաղվողները պետք է զգուշանան. Սպառողներն, ովքեր հազարավոր դոլարներ են վճարել սինթետիկ ադամանդով պսակադրության մատանու համար, իմանալով, որ դրանց գինը նվազել է մինչև մի քանի հարյուր կամ նույնիսկ տասնյակ դոլարների, անպայման կհիշեն այն ընկերությունների անվանումները, որոնք իրենց սինթետիկ քար են վաճառել: Ի վերջո պետք է լավ մտածել. արդյո՞ք ընկերության երկարաժամկետ համբավը կարճաժամկետ շահույթին համարժեք է, և իսկապե՞ս կարծում եք, թե սինթետիկն ավելի լավ երկարաժամկետ «գործարք» է հաճախորդների համար, քան բնական ադամանդը:
Rapaport Group-ը ոչ մի կերպ չի նպստում սինթետիկ ադամանդների վաճառքին, համարելով դրանց խարդախ արտադրանք, զուտ այն պատճառով, թե ինչպես են դրանք մատուցվում: Rapaport Group-ը դիտարկում է սինթետիկ ադամանդները որպես սպառնալիք բնական ադամանդների հիմնարար իմաստի համար: Պարզաբանեմ՝ պսակադրության մատանին բիժուտերիա չէ։
Մարտին Ռապապորտ,
Rapaport Group-ի նախագահ
17 հունվարի, 2023 թ.
*****
18 հոկտեմբերի 2022թ.
Sotheby’s-ը Նյու Յորքի իր առաջիկա աճուրդում կառաջարկի 300 կարատից ավելի քաշ ունեցող մի դեղին ադամանդ: Ակնկալվում է, որ այն կբերի ավելի քան 15 միլիոն դոլար։
Սկզբնական ալմաստը 1980-ականների սկզբում, խճաքարերի կույտի մեջ հայտնաբերել էր մի փոքրիկ աղջիկ, որը խաղում էր իր հորեղբոր տան բակում: Պարզվեց, որ մոտակայքում գտնվող «Միբա» ալմաստաբեր հանքում աշխատող հանքափորները, համարելով որ քարը չափազանց մեծ է և չի կարող ալմաստ լինել՝ նետել էին այն որպես թափոն: Աղջիկը քարը տալիս է հորեղբորը, իսկ նա վաճառում է այն տեղի ադամանդագործներին։ Ալմաստի սկզբնական քաշը կազմում էր 890 կարատ:


Երեսակման արդյունքում ստացվեց 407,48 կարատանոց վահանաձև նեքուստ անթերի (IF) ադամանդ, որը հետագայում ցուցադրվեց աշխարհի տարբեր թանգարաններում: Քարը կոչվեց «Անզուգական» («Incomparable»): Տարիներ անց, քարի գույնը խորացնելու և առավել արտահայտելու նպատակով այն վերատաշվեց, անվերադարձ կորցնելով 100 կարատից ավելի քաշ, և վերանվանվեց «Կանարյան Ոսկե ադամանդ» («Golden Canary Diamond»): Այժմ այս տանձաձև տաշվածքով, 303,10 կարատանոց, երևակայական խորը դարչնագույն դեղին (Fancy Deep brownish Yellow) քարը աշխարհի ամենամեծ ադամանդներից մեկն է: Սա նաև ամենամեծ անթերի (Fl) կամ ներքուստ անթերի (IF) ադամանդն է, որը երբևէ գնահատվել է Ամերիկայի Գեմոլոգիական Ինստիտուտում (GIA):

*****
Կապույտ ադամանդների հավաքածուն Sotheby’s-ը կվաճառի ավելի քան 70 միլիոն դոլարով
18 հոկտեմբերի 2022
Sotheby’s-ը աճուրդի է դնում De Beers-ի ութ երևակայական կապույտ ադամանդների հավաքածուն, ակնկալելով, որ հավաքածուն կբերի ավելի քան 70 միլիոն դոլար:

Ադամանդները երեսակված են տարբեր ձևի և ոճի: Դրանց ընդհանուր քաշը կազմում է 32.09 կարատ: Ամենափոքրի քաշը 1,22 կարատ է, իսկ ամենամեծինը՝ 11,29 կարատ: Բոլոր ութ ադամանդները երեսակվել են շվեյցարական «Diacore» ընկերությունում, հինգ անմշակ ալմաստներից, որոնք 2020 թվականի նոյեմբերին գնվել էին «Petra Diamonds» արդյունահանող ընկերությունից:
Նշված ութ ադամանդներից այս տարի Sotheby’s-ը կառաջարկի երեքը: Առաջինը՝ բարձանման տաշվածքով, 5,53 կարատ քաշով երևակայական վառ կապույտ (Fancy Vivid Blue) ադամանդն է: Այն կդրվի վաճառքի նոյեմբերի 9-ին Ժնևում կայանալիք «Magnificent Jewels and Noble Jewels» աճուրդի շրջանակում: Ակնկալվում է, որ քարը կվաճառվի 15 միլիոն դոլարով: Դեկտեմբերի 7-ին նույն «Magnificent Jewels» աճուրդի շրջանակում, որն այս անգամ կկայանա Նյու Յորքում, կառաջարկվի ևս երկու ադամանդ: Մեկը՝ 3,24 կարատ քաշով, բարձանման տաշվածքով, երևակայական վառ կապույտ (Fancy Vivid Blue) նեքուստ անթերի (Internally Flawless) ադամանդն է, որը գնահատվում է մոտ 8 միլիոն դոլար, մյուսը՝ բարձանման տաշվածքով, 2,08 կարատանոց երևակայական հագեցած կապույտ (Fancy Intense Blue) ադամանդն է, որի ակնկալվող գինը 1,5 միլիոն դոլար է:
Մնացած հինգ ադամանդները Sotheby’s-ը կվաճառի 2023 թվականի գարնանը, «Magnificent Jewels» աճուրդում: Դրանց թվում են. 11,29 կարատանոց, երևակայական վառ կապույտ (Fancy Vivid Blue) քարը, որը գնահատվում է մինչև 50 միլիոն դոլար, 4,13 կարատանոց աստիճանավոր տաշվածքով երևակայական հագեցած կապույտ (Fancy Intense Blue) քարը, որը գնահատվում է մինչև 3,5 միլիոն դոլար և բարձանման, 3,10 կարատանոց, երևակայական վառ կապույտ (Fancy Vivid Blue) քարը, որը գնահատվում է մինչև 5 միլիոն դոլար:
Հիշեցնենք որ սույն թվականի ապրիլին, Հոնկոնգում, Sotheby’s-ը վաճառեց «De Beers-ի կապույտ» ադամանդը, որի քաշը կազմում էր 15,10 կարատ, գույնը՝ երևակայական վառ կապույտ (Fancy Vivid Blue), մաքրությունը՝ նեքուստ անթերի (Internally Flawless): Քարը գնեցին 57,5 միլիոն դոլարով:
*****
Անցյալ չորեքշաբթի օրը Sotheby’s-ը հայտնեց, որ սույն թվականի հոկտեմբերի 5-ին Հոնկոնգում կայանալիք աճուրդում վաճառքի կդրվի 11.15 կարատ քաշով երևակայական պայծառ վարդագույն, ներքուստ անթերի, բարձանման տաշվածքով ադամանդը: Քարը կոչվում է «Վիլյամսոնի վարդագույն աստղ»: Դա իր դասում խոշորությամբ երկրորդ ադամանդն է, որը երբևէ հայտնվել է աճուրդներում: Հիշեցնենք, որ նույն Sotheby’s-ը 2017-ին 71.2 միլիոն դոլլարով վաճառեց 59.60 կարատանոց անթերի «Վարդագույն աստղը»: Նման քարերը չափազանց հազվագյուտ են և դա է հիմնական պատճառը, որ վերջին տասը տարիների ընթացքում դրանց գինը աճեց մի քանի անգամ: Ըստ նախնական վերլուծությունների, «Վիլյամսոնի վարդագույն աստղ»-ը կվաճառվի մոտ 21 միլիոն դոլլարով, այսինքն՝ մոտ 1.9 միլիոն ԱՄՆ դոլլար յուրաքանչյուր կարատի համար:
Այդ քարը երեսակվել է 32.32 կարատ քաշ ունեցող ալմաստից, որը հայտնաբերել էր «Petra Diamonds» ընկերությունը Տանզանական «Վիլիամսոն» հանքում (տեղի բնակիչներն այդ հանքն անվանում են «Մվադուի»): Անցյալ տարի «Petra Diamonds»-ը մրցույթով քարը վաճառեց «Diacore» ընկերությանը, 13.8 միլիոն դոլլարով, վերջինս էլ երեսակեց այն, ստանալով վերոնշյալ հիասքանչ ադամանդը:

*****
Ադամանդների շուկան զգուշավոր է, քանի որ գները շարունակում են նվազել: 1 ct. RAPI ինդեքսը մարտ ամսին աճեց +0.5%-ով, սակայն վերջին շաբաթների ընթացքում նվազեց, գրանցելով 0.30 կարատ քաշային խմբի համար -3,9%։ Անորոշությունն աճում է նաև աշխարհաքաղաքական և տնտեսական անկայունության և Չինաստանի Covid-19 արգելափակումների պատճառով:
ԱՄՆ Կոնգրեսի անդամները պահանջում են տարածել պատժամիջոցները ՌԴ-ի նկատմամբ նաև Ռուսաստանի սահմաններից դուրս: Rapaport-ը դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանի և Բելառուսի հետ և ներկայացնում է հումքի աղբյուրների բացահայտումը RapNet-ում: Rapaport-ը գործարկում է սոցիալական պատասխանատվության նոր կայք:
|
|
Շաբաթ |
Ամիս |
Տարի |
|
0.30 ct |
-0.47% |
-7.51% |
1.87% |
|
0.50 ct |
-0.78% |
-4.70% |
11.43% |
|
1.00 ct |
-0.78% |
-4.37% |
29.83% |
|
3.00 ct |
-0.90% |
-2.74% |
33.23% |
*****
RAPI ինդեքսի շարժը երեք ամսվա կտրվածքով

Անմշակ ալմաստների շուկան թուլանում է ԱՄՆ-ում առկա տնտեսական զգուշավորության և թագավարակի պատճառով Չինաստանում գործածված սահմանափակումների պատճառով։ Ներկայումս աշխարհում տիրող քաղաքական և տնտեսական անորոշությունը նպաստում է նաև երեսակված ադամանդների գների նվազմանը և գնորդներն ակնկալում են հետագայում ստանալ ավելի ցածր գներ: Արտադրողներն ու խոշոր մատակարարները բանակցում են իրենց ադամանդների իրացվելիությունը բարձրացնելու և քիչ պահանջարկ ունեցող քարերի ապրանքային պաշարները նվազեցնելու համար:
Երկրորդական շուկայում գների անկման ֆոնին անմշակ ալմաստների շուկան զուսպ է: Մարտ ամսվա ընթացքում «De Beers»-ը գները կայուն պահեց։
Ընդդեմ Ռուսաստանի ուղղված պատժամիջոցների քաղաքականությունը պառակտում առաջացրեց «Ոսկերչական իրերի պատասխանատու խորհրդում», ինչի արդյունքում գործադիր տնօրեն Այրիս Վան դեր Վեկենը հրաժարական տվեց:
«Pandora»-ն և «Richemont»-ը հեռանում են «ԱԼՌՈՍԱ»-ի անդամակցությունից:
«Tiffany & Co.»-ն դադարեցնում է անմշակ ալմաստների և երեսակված ադամանդների գնումները Ռուսաստանից:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել «ԱԼՌՈՍԱ»-ի նկատմամբ:
*****
Չորեքշաբթի օրը Sotheby’s-ը հայտնել է, որ սույն թվի ապրիլին աճուրդն առաջարկում է վաճառքի «De Beers» ընկերությանը պատկանող 15,10 կարատ քաշ ունեցող երևակայական վառ կապույտ ներքուստ անթերի (Fancy Vivid Blue IF) ադամանդը, որի նախնական գնահատականը կազմում է 48 միլիոն դոլար, կամ 3.2 միլիոն դոլար յուրաքանչյուր կարատի դիմաց: Քարը երեսակված է աստիճանավոր տաշվածքով և իր դասի մեջ ամենամեծն է: Այն կոչվում է «De Beers Cullinan Blue Diamond»:


Քարը հայտնաբերել է «Petra Diamonds» արդյունահանող ընկերությունն իր կողմից շահագործվող «Cullinan» հանքավայրում, 2021 թվականի ապրիլին: Ալմաստի քաշն անմշակ վիճակում կազմում էր 39.34 կարատ: Նույն թվի հուլիսին քարը գնել է «De Beers» ընկերությունը իր գործընկեր «Diacore International»-ի հետ միասին, վճարելով դրա դիմաց 40.2 միլիոն դոլար: «Diacore International»-ը հայտնի է իր լավագույն մասնագետներով և յուրահատուկ ալմաստերի մշակման մեծ փորձ ունի:
Ալմաստի վերլուծությունն ու երեսակումը տևեց մի քանի ամիս: Արդյունքում կյանքի կոչվեց սքանչելի վառ կապույտ մի ադամանդ, որը ստացավ «De Beers Cullinan Blue» անվանումը:
Ամերիկայի Գոհարաբանական Ինստիտուտը, GIA-ը, հետազոտելով այս ադամանդը, ներկայացրել է եզրակացություն, հատուկ մենագրության տեսքով, որտեղ ասվում է. «Աստիճանավոր ոճի «Զմրուխտե տաշվածք»-ով երևակայական վառ («Fancy Vivid») գույն ստանալը շատ ավելի դժվար է, քան տաշվածքի այլ ձևերի դեպքում, որոնց կիրառումն առավել արդյունավետ է շեշտում քարի մարմնի գույնը, ադամանդը թագի կողմից նայելիս: Այս հանգամանքն ավելացնում է սույն քարի հազվագյուտության աստիճանը, քանի որ առկա տաշվածքով նման գույն ստանալու համար ալմաստի մարմնի բնական գույնն իսկզբանե պետք է լիներ վառ և արտահայտված:»
Ադամանդը կցուցադրվի Հոնկոնգում, ապրիլի 27-ին, «Sotheby’s» աճուրդի տան շքեղության շաբաթվա շրջանակներում (Sotheby's Hong Kong Luxury Week), իսկ մինչ այդ, այն կցուցադրվի համաշխարհային շրջագայության ընթացքում, որը կսկսվի Նյու Յորքից և այնուհետև կմեկնի Լոնդոն, Դուբայ, Շանհայ, Պեկին, Շենժեն և Թայբեյ:
Sotheby's-ի ասիական մասնաճյուղի նախագահ Փաթի Վոնգն ասել է. «Յուրաքանչյուր կապույտ ադամանդ հազվագյուտ է, բայց սա հազվագյուտներից ամենահազվագյուտն է. վերջին տարիներին նման չափսի ոչ մի կապույտ ադամանդ չի հայտնվել աճուրդում: Այս ադամանդը կյանքի է կոչվել աշխարհի ամենահմուտ երեսակողներից մեկի ձեռքով, սա իսկական գլուխգործոց է՝նույնքան հազվագյուտ և ցանկալի, որքան արվեստի մեծագույն գործերը: Այսօր աշխարհում կա գունագեղ ադամանդների աննախադեպ պահանջարկ և մենք աներևակայելի կերպով ոգևորված ենք ասպարեզ բերելու այն, ինչն անկասկած կդառնա աշխարհի ամենահայտնի գոհարներից մեկը»:
*****
Կանաչ ադամանդները բացառիկ հազվագյուտ են և գրավիչ: Դրանց գունագոյացումն անմիջապես կապված է բնական ճառագայթման ֆոնի հետ:

1.70 կարատ քաշով երևակայական հագեցած կանաչ ադամանդ:
Արդյունահանված յուրաքանչյուր 10 000 ալմաստներից միայն մեկն է կանաչ գույնի:
Երկրի միջնապատյանի վերին շերտերից հրաբխային ժայթքումների արդյունքում դեպի մակերես տեղափոխվելուց հետո, ալմաստները միլիոնավոր տարիներ հանգրվանում են տուֆանման կիմբերլիտների քարացած զանգվածի մեջ: Այն ալմաստները, որոնք այդ ընթացքում գտնվում են բնական ճառագայթման աղբյուրների մոտ, ձեռք են բերում կանաչ գույն: Բանն այն է, որ ճառագայթումն ալմաստների բյուրեղային ցանցում առաջացնում է թափուրքների տեսքով արատներ, որոնք ակտիվ կերպով կլանում են գունային սպեկտրի կարմիր և դեղին հատվածը և, որպես արդյունք, առաջացնում են կանաչ գույն:
Աշխարհում կա մի քանի գավառ, ուր ալմաստաբեր հանքերի տեղանքներում կան ռադիոակտիվ հանքանյութեր: Դրանք գտնվում են Բրազիլիայում, Հարավային Աֆրիկայում, Վենեսուելայում, Սիերա Լեոնեում և Հնդկաստանում:
Բնական կանաչ ալմաստների գույնը, որպես կանոն, սահմանափակվում է բյուրեղի մակերեսային շերտով, հիմնականում բծերի տեսքով, ավելի հազվագյուտ՝ շապիկի տեսքով: Բացառիկ դեպքերում է գույնը համաչափ և խորքային:

Երկու կարատ քաշով երևակայական կանաչ ադամանդ:
Թույլ ճառագայթման ենթարկված ալմաստները, որպես կանոն, երեսակման ընթացքում կորցնում են իրենց գույնը: Երբեմն ադամանդ արտադրողները երեսակման ժամանակ քարի վրա միտումնավոր թողնում են բնական ճառագայթման հետքերով հատվածներ, որպես դրանց բնական ծագման ապացույց, ինչը հեշտացնում է գոհարաբանների աշխատանքը ադամանդի գույնի ախտորոշման ժամանակ: Հակառակ դեպքում ադամանդի գույնի բնական ծագումն ապացուցելու համար անհրաժեշտ են լինում ավելի բարդ ֆիզիկական հետազոտություններ:
Կանաչ ադամանդի գունային դասը որոշվում է ըստ դրա երանգի և հագեցածության աստիճանի: Ամերիկայի Գոհարաբանական Ինստիտուտը (GIA) կանաչ ադամանդները դասակարգում է հետևյալ կարգով.
- Նուրբ Կանաչ (Faint Green)
- Շատ բաց Կանաչ (Very Light Green)
- Բաց Կանաչ (Light Green)
- Երևակայական բաց Կանաչ (Fancy Light Green)
- Երևակայական Կանաչ (Fancy Green)
- Երևակայական հագեցած Կանաչ (Fancy Intence Green)
- Երևակայական վառ Կանաչ (Fancy Vivid Green)
- Երևակայական խոր Կանաչ (Fancy Deep Green)
Կանաչ ադամանդների գույնը կարող է ունենալ տարբեր երանգավորումներ. դեղնավուն, դարչնագույն, գորշ, հազվագյուտ դեպքերում՝ կապտավուն: Մաքուր սպեկտրալ կանաչ, ինչպես նաև կապտավուն կանաչ գույնի ալմաստները չափազանց հազվագյուտ են, ուստի և բացառիկ արժեքավոր:
Ալմաստները երբեմն ենթարկում են զանազան ազնվացման պրոցեսների, դրանց գույնի կամ պարզության բարելավման նպատակով: Բնության մեջ միլիոնավոր տարիների ընթացքում տեղի ունեցող պրոցեսները կարող են վերարտադրվել լաբորատորիայում հաշված ժամերի ընթացքում: Օրինակ՝ արհեստական ճանապարհով ալմաստների ճառագայթումը նույնպես կարող է առաջացնել կանաչ գույն: Դա կանանց դիմահարդարման նման գործողություն է: Սակայն քանի որ ազնվացումը դժվար է ախտորոշվում, գնորդը պետք է պարտադիր տեղեկացված լինի դրա վերաբերյալ: Եթե ազնվացումը հայտարարագրված չէ, կամ այդ փաստը գնորդից թաքցվում է միտումնավոր, գերշահույթներ ստանալու նպատակով, ապա դա ոչ այլ ինչ է, քան խարդախություն: Ուստի նման արժեքավոր ադամանդները պետք է գնել միայն հեղինակավոր լաբորատորիայի հավաստագրի առկայության դեպքում:

3.88 կարատ քաշով երևակայական պայծառ կանաչ ադամանդով Optimum Diamonds մատանին:
Պատմական կանաչ ադամանդները
Դրեզդենյան կանաչ ադամանդը
1722 թվականի հոկտեմբերին Լոնդոնյան մամուլը հայտնեց այն մասին, որ տեղացի վաճառական Մարկուս Մոզեսը Հնդկաստանից ստացել է 41 կարատանոց կանաչ ադամանդ և նվիրել այն Մեծ Բրիտանիայի արքա Գեորգ Առաջինին: Մի քանի տարի անց քարն առաջարկվել է Սաքսոնիայի կուրֆյուրստ, այնուհետև արքա՝ Ֆրեդերիկ Օգոստոս Առաջինին: Նա հայտնի էր նրանով, որ սեփական զարդերի հավաքածուն պահելու համար Դրեզդենյան ամրոցում ստեղծել էր այդպես կոչված «Կանաչ պահոց»-ը:
1741 թվականին Լայպցիգի ամենամյա զատկական տոնավաճառում Սաքսոնիայի արքա Ֆրեդերիկ Օգոստոս Երկրորդը գնում է այդ ադամանդը հոլանդացի վաճառականից: 1768-ին այն, բազմաթիվ ավելի մանր ճերմակ ադամանդների հետ միասին շրջանակվում է գլխարկի ճարմանդի վրա: Զարդն անփոփոխ պահպանվել է մինչ օրս և գտնվում է «Կանաչ պահոց»-ում:

Դրեզդենյան կանաչ ադամանդը:
Կանաչ Ավրորան
Կանաչ Ավրորան աճուրդներում երբևէ վաճառված ադամանդների միջև ամենաթանկ և ամենախոշոր երևակայական պայծառ կանաչ ադամանդն է: Դրա քաշը կազմում է 5.03 կարատ: 2016 թվականի մայիսին Հոնգկոնգում կայացած Christie’s-ի աճուրդին այդ քարը գնեց Հոնգկոնգի «Chow Tai Fook» ոսկերչական ցանցը 16.8 միլիոն դոլլարով: Դա նոր գնային ռեկորդ էր՝ 3.3 միլիոն դոլլար յուրաքանչյուր կարատի համար:

Կանաչ Ավրորա ադամանդը:
***
Ալմաստի արդյունահանումն աշխարհում 2019 թ.
Կիմբերլիի գործընթացի տվյալներով

Համաձայն Կիմբերլիի գործընթացի (KP) նոր տվյալների, ալմաստների արդյունահանումն աշխարհում անցյալ տարի նվազել է 7%-ով և կազմել 13,48 միլիարդ դոլար: Դա հիմնականում կապված է Բոտսվանայի և Կանադայի հետ, որտեղ արդյունահանումը նվազել է 12%-ով և կազմել 130.3 միլիոն կարատ, թեև մեկ կարատի միջին գինն աճել է 6%-ով և կազմել 103.41 դոլար:
Արդյունահանող երկրների ցանկում Ռուսաստանը զբաղեցրել է առաջին տողը, խափանելով բացասական միտումը: Ռուսական ալմաստների ծավալն աճել է 5%-ով և կազմել 45,3 միլիոն կարատ, իսկ դրանց արժեքը՝ 3%-ով, հասնելով 4,12 միլիարդ դոլարի: Արդյունահանող պետությունների առաջատար հնգյակը եզրափակում են Բոտսվանան, Կանադան, Անգոլան և Նամիբիան, ընդ որում Անգոլան գրանցել է տարվա բոլոր ցուցանիշների անկում:
Միևնույն ժամանակ, ինչպես ցույց են տալիս վիճակագրական տվյալները՝ ալմաստների ընդհանուր ներմուծումը 2019 թվականին նվազել է 23%-ով և կազմել 37,25 միլիարդ դոլար, ընդորում՝ծավալը նվազել է 12%-ով և կազմել 377 միլիոն կարատ: Արտահանումը նվազել է 27%-ով և կազմել 36,64 միլիարդ դոլար, մինչդեռ ծավալը նվազել է 13%-ով և կազմել 371,4 միլիոն կարատ:
Ալմաստների ներմուծումը Չինաստան արձանագրեց ամենամեծ անկումը, նվազելով 36% և հասնելով 1,5 միլիարդ դոլարի: Հնդկաստանը, որն ավադաբար համարվել է անմշակ ալմաստների ամենամեծ շուկան, ներմուծումը կրճատել է 18%-ով, մինչև 14.08 միլիարդ դոլար, մինչդեռ Եվրամիությունն ի դեմս Բելգիայի, ներմուծումը կրճատել է 29%-ով, մինչև 8,7 միլիարդ դոլար: Ալմաստների արտահանման անկում է գրանցվել բոլոր շուկաներում:
2019 թվականի 10 խոշորագույն ալմաստ արդյունահանող երկրները
|
Երկիրը |
Արժեքը (մլն $) |
Ծավալը (1000 կարատ) |
Միջին գինը ($/կարատ) |
|
Ռուսաստան |
$4,117 |
45,271 |
$91 |
|
Բոտսվանա |
$3,435 |
23,687 |
$145 |
|
Կանադա |
$1,697 |
18,638 |
$91 |
|
Անգոլա |
$1,266 |
9,150 |
$138 |
|
Նամիբիա |
$1,010 |
2,018 |
$500 |
|
Հարավային Աֆրիկա |
$873 |
7,181 |
$122 |
|
Լեսոտո |
$290 |
1,114 |
$261 |
|
Սիերա Լեոնե |
$168 |
812 |
$207 |
|
Ավստրալիա |
$159 |
12,999 |
$12 |
|
Զիմբաբվե |
$141 |
2,108 |
$67 |
2019 թվականի 5 խոշորագույն ալմաստ ներկրող երկրները
|
Երկիրը |
Արժեքը (մլն $) |
Ծավալը (1000 կարատ) |
Միջին գինը ($/կարատ) |
|
Հնդկաստան |
$14,085 |
158,627 |
$89 |
|
Եվրամիություն |
$8,697 |
101,181 |
$86 |
|
Արաբական Միացյալ Էմիրություններ |
$5,999 |
76,521 |
$78 |
|
Իսրայել |
$2,202 |
9,334 |
$236 |
|
Չինաստան |
$1,502 |
10,717 |
$140 |
2019 թվականի 5 խոշորագույն ալմաստ արտահանող երկրները
|
Երկիրը |
Արժեքը (մլն $) |
Ծավալը (1000 կարատ) |
Միջին գինը ($/կարատ) |
|
Եվրամիություն |
$9,197 |
105,567 |
$87 |
|
Արաբական Միացյալ Էմիրություններ |
$7,682 |
79,174 |
$97 |
|
Բոտսվանա |
$3,527 |
28,551 |
$124 |
|
Ռուսաստան |
$3,504 |
39,211 |
$89 |
|
Իսրայել |
$1,903 |
6,369 |
$299 |
***
2018 թվականի ալմաստի արդյունահանումն աշխարհում:
Անմշակ ալմաստների համաշխարհային արտադրությունը 2018 թվականին 2%-ով աճել է, հասնելով 14.47 միլիարդ դոլլարի: Անցյալ շաբաթ հրապարակված Կիմբերլիի պրոցեսի տվյալների համաձայն, դա արտացոլում է արտադրության աճը Բոտսվանայում: Կարատի միջին գինն աճել է, հասնելով 97 դոլլարի, գերազանցելով արտադրության ծավալի 2%-անոց անկումը (անցյալ տարի այն կազմել է 148.4 միլիոն կարատ):
Ռուսաստանն անցյալ տարի ալմաստի հումքի հիմնական մատակարարն էր, չնայած նրան, որ 3%-ով կրճատվել էր արդյունահանման ծավալը, որի գումարային արժեքը կազմել էր 3.98 միլիարդ դոլլար: Արժեքի ընդանուր աճի պատասխանատուն զգալի չափով հանդիսացավ Բոտսվանան, որի արտադրության ծավալն աճել է 6%-ով, հասնելով 3.53 միլիարդ դոլլարի: Կանադայում արտադրության աճը կազմել է 2%, հասնելով 2.1 միլիարդ դոլլարի:
Աշխարհի մասշտաբով արտադրության կրճատումը կապված է ավստրալական «Արգայլ» հանքի արդյունահանման ծավալի նվազման հետ: Ըստ Կիմբերլիի պրոցեսի տվյալների, այն նվազել է 18%-ով և կազմել 14.1 միլիոն կարատ: Այդ տվյալները համընկնում են «Արգայլ» հանքի տեղեկությունների հետ, որոնք հրապարակել էր դրա սեփականատերը՝ Ռիո Տինտո (Rio Tinto) ընկերությունը:
Բոտսվանայում, որի արտադրանքի միջին արժեքն ավելի բարձր է, քան այլ խոշորագույն ալմաստ արդյունահանող երկրներում, արտադրության աճը կազմել է 6% և հասել 24.4 միլիոն կարատի: Այս տվյալները համընկնում են «Դե Բիրս»-ի և Բոտսվանայի կառավարության համատեղ ձեռնարկության, «Դեբսվանա» ընկերության արտադրության աճին: Անցյալ տարվա արդյունքներով Բոտսվանան անցել է Կանադային, որն արդյունահանման ծավալներով 2017 թվականին աշխարհում գրավում էր երկրորդ տեղը:
2018 թվականին աշխարհի տասը առաջատար
ալմաստ արդյունահողները
|
Երկիրը |
Արժեքը (մլն դոլլար) |
Ծավալը (մլն կարատ) |
Միջին գինը($/կտ) |
|
Ռուսաստան |
3,983 |
43,161 |
92 |
|
Բոտսվանա |
3,535 |
24,378 |
145 |
|
Կանադա |
2,098 |
23,194 |
90 |
|
ՀԱՀ* |
1,228 |
9,908 |
124 |
|
Անգոլա |
1,224 |
8,409 |
146 |
|
Նամիբիա |
1,125 |
2,397 |
469 |
|
Լեսոտո |
377 |
1,294 |
291 |
|
Զիմբաբվե |
210 |
3,255 |
65 |
|
Ավստրալիա |
181 |
14,069 |
13 |
|
Սիերրա Լեոնե |
157 |
742 |
212 |
*Հարավաֆրիկյան Հանրապետութուն
***

1758 կարատանոց ալմաստը (Lucara Diamond Corp.)
«Լուկարա Դայմոնդ Կորպ» ընկերությունը (Lucara Diamond Corp) Բոտսվանայի «Կարովե» (Karowe) հանքից արդյունահանել է 1758 կարատ քաշ ունեցող մի ալմաստ, որն իր քաշով գերազանցեց 1109 կարատանոց հանրահայտ «Լեսեդի Լա Րոնա»-ին (Lesedi La Rona) և դարձավ այդ երկրում երբևէ հայտնաբերված ալմաստներից ամենախոշորը: Քարն արտաքնապես ցածրորակ, տեխնիկական նշանակության ալմաստի տեսք ունի, սակայն դրա որակական բնութագրերը ծավալի տարբեր մասերում փոփոխական են: Առկա են ճերմակ բարձրորակ հատվածներ: Սկսած 2015 թվականից «Լուկարա»-ն արդյունահանել է 300 կարատից ավելի քաշ ունեցող 12 ալմաստ, որոնցից երկուսի քաշը՝ հազար կարատից ավելի էր և երկուսն էլ հայտնաբերվել են «Կարովե» հանքի հարավային մասում: «Չորս տարվա ընթացքում երկու ալմաստ, որոնց քաշը գերազանցում է 1000 կարատը»,- ասել է «Լուկարա»-ի գլխավոր գործադիր տնօրեն Էյրա Թոմասը: «Դա բարձրացնում է հետագայում խոշոր և բարձորակ ալմաստների հայտնաբերման հավանականությունը, հատկապես, երբ մենք կսկսենք արդյունահանումը հիմնական հանքամարմնից»,- ավելացրել է նա:
***
Անցյալ չորեքշաբթի, 2019 թվականի ապրիլի 17-ին, «ԱԼՌՈՍԱ»-ն սկսել է հանքաարդյունահանումը Յակուտիայի նոր ալմաստաբեր հանքում: Ըստ կանխատեսումների, «Զարյա» կիմբերլիտային փողակը կշահագործվի մոտ 11 տարի: Այդ փողակի ալմաստները կլրացնեն «Կոմսոմոլսկայա» հանքավայրի նվազող պաշարները. ալմաստաբեր ապարի վերամշակման տարեկան ծավալը կկազմի մոտ 1.25 միլիոն տոննա:
«Զարյա» փողակը Այխալի ստորաբաժանման մի մասն է: Ներդրումների թիվը կազմել է 12 միլիարդ ռուբլի (187.3 միլիոն դոլլար):
«Սա կարևոր իրադարձություն է մեր երկրի համար: Այս կարճ ժամանակահատվածում սա արդեն երկրորդ հանքն է Յակուտիայում, ուր սկսվեց արդյունահանումը», - ասաց ընկերության նախագահ Սերգեյ Իվանովը: Նշենք որ «Վերխնե-Մունսկոյե» հանքավայրում «ԱԼՌՈՍԱ»-ն իր գործունեությունը ծավալեց անցյալ տարվա հոկտեմբերին:

***
«Օկվանգո Դայմոնդ Կոմպանի» ընկերությունը (Okavango Diamond Company (ODC)) ցուցադրել է հանրությանը 20,46 կարատ քաշով կապույտ ադամանդը, որը մինչ օրս Բոտսվանայում հայտնաբերված այդ դասի քարերի մեջ ամենախոշորն է:
Ըստ Ամերիկյան Գեմոլոգիական Ինստիտուտի հավաստագրի, այդ քարը հազվագյուտ IIb տիպի ալմաստ է, օվալ, շողակնի տաշվածքով, Fancy Deep Blue (երևակայական խորը կապույտ) գույնի և VVS2 (շատ շատ թեթև ներառումներով) մաքրության:

41.11 կարատ քաշով ալմաստը, որից երեսակվել է նշյալ ադամանդը, հայտնաբերվել է «Օրապա» (Orapa) հանքում: Հանքը պատկանում է «Դեբսվանա» (Debswana) ընկերությանը: «Դեբսվանա»-ն «Դե Բիրս»-ի և Բոտսվանայի կառավարության համատեղ ձեռնարկությունն է և գտնվում է Գաբորոնեյում: «Օկվանգո Դայմոնդ Կոմպանի» ընկերությանը հասանելի է «Դեբսվանա»-ի ընդհանուր հանքաարդյունահանված արտադրանքի մոտ 15%: Քարն ի սկզբանե կոչվել է «Կապույտ Օկվանգո» (Okavango Blue), սակայն հետո Botswana World Heritage կայքն այն անվանել է «Օկվանգո Դելտա» (Okavango Delta): Քարն, առաջիկա ամիսներին ցուցադրվելուց հետո, տարվա վերջին կներկայացվի աճուրդի:

Համաշխարհային շուկա
Gem Diamonds ընկերությունը Լեսոտոյի Լեցենգ հանքից հայտնաբերել է 910 կարատ քաշ ունեցող ալմաստ, որն ընկերության պատմության ընթացքում հայտնաբերված 5-րդ ամենախոշոր ալմաստն է։
D-գույն ունեցող IIa տիպի այս քարը Լեցենգից երբևէ հայտնաբերված ամենախոշոր ալմաստն է: Այն գերազանցում է անգամ 2006-ին հայտնաբերված <<Լեսոտոյի խոստումը>> 603 կարատ քաշ ունեցող ալմաստին։
***
Զմրուխտե տաշվածքով պատմական The Art of Grisogono <<Արարում 1>> անվանումով բացառիկ ադամանդի սեփականատերերը ակնկալում են այն վաճառել 30 մլն ԱՄՆ դոլլարով։ Այն վաճառքի է հանելու Christey’s աճուրդի տունը նոյեմբերին Ժնևում կայանալիք երեկոյին։
D - գույնի անբասիր մաքրության 163 կարատ քաշ ունեցող ադամանդը ներկայացվել էր Դուբայում` վերջերս կայացած ադամանդագործությանը նվիրված կոնֆերանսի ժամանակ։ Սկզբում այն ներկայացվել էր որպես զմրուխտներով և ադամանդներվ զարդարված վզնոցի հավաքածու, այնուհետև` որպես շքեղ թևնոցի գլխավոր էլեմենտ։
***
Դուբայի ալմաստի մշակման առաջին արտադրամասը հանձն է առել տաշելու աշխարհի ամենաարժեքավոր ալմաստը։ Almas Diamond Services ընկերությունը վերոնշյալ արտադրամասը հիմնելիս կատարել է 1,8 մլն Ամն դոլլարի ներդրում,որը զբաղվելու է միայն այն քարերի մշակմամբ, որոնց արժեքը մեկ կարատի դիմաց կգերազանցի 25000 ԱՄՆ դոլլարը։
Առաջինը տաշված քարերից մեկն էլ կլինի 813 կարատ քաշ ունեցող <<Constellation>> (Համաստեղություն) անվանումով ալմաստը, որը ձեռք էր բերվել 63,1 մլն ԱՄՆ դոլլարոոով և հավակնում է դառնալ մարդկության պատմության մեջ երբևէ վաճառված ամենաթանկ ալմաստը։
***
Ավստրալական ոսկերչական Linneys ընկերությունը ներկայացրել է զարդերի իր նոր հավաքածուն, որի գլխավոր աստղն է դառել Argyle Violet ադամանդով մատանին։ Ադամանդը կշռում է 2,83 կարատ, գույնը՝ երևակակայական խորը մոխրագույն երանգով կապտավուն մանուշակագույն (մաքրության մասին տեղեկություններ չկան)։ Այն շրջապատված է 10 այծառ վարդագույն կլոր շողակնի տաշվածքի և եզրերից 2 սրտաձև տաշվածքի ադամանդներով, որոնց ընդհանուր քաշը կազմում է 1,5 կարատ։
Մանուշակագույն ադամանդները բնության մեջ բացառիկ երևույթ են։ Վերոնշյալ ադամանդը հայտնաբերած Rio Tinto ընկերությունը 32 տավա ընթացքյում հայտնաբերել է ընդամենը 12 կարատ մանուշակագույն ադամանդ։
***
2017-ի սեպտեմբերին ռուսական Alrosa ընկերությունը հայտնաբերել է իր պատմության ընթացքում երբևէ հանդիպած ամենախոշոր վարդագույն ալմաստը։ 27,89 կարատ քաշ ունեցող ոսկերչական նշանակության ալմաստը ենթարկվել է փորձաքննության, որպեսզի դրա վաճառքի գնի վերաբերյալ որոշում կայացվի։
Alrosa-ն տարեկան հայտնաբերում է մոտ 10 կարատ գունավոր ադամանդ, բայց այս քարն իր քաշով և որակով աննախադեպ բացառություն էր և ենթադրվում է, որ ռեկորդային գին է սահմանելու։
***
Հազվագյուտ կապույտ ադամանդով մատանին կգլխավորի Sothby’s- ի կայանալիք աճուրդը։ Տանձաձև տաշվածքով 5,14 կարատ քաշ ունեցող SI1 մաքրությամբ երևակայական խորը(Deep) կապույտ գույնի ադամանդը տեղադրված է սպիտակ ոսկուց պատրաստված մատանու վրա, և նախնական գնահատմամբ այս քարի կարատը կկազմի մոտ 1,9 մլն ԱՄՆ դոլլար։
***
Merlin Diamonds ընկերությունն Ավստրալիայում հայտնաբերած 13,27 կարատ քաշ ունեցող D գույնի ալմաստը վաճառել է 157․880 ԱՄՆ դոլլարով (կամ 11․898 դոլլար մեկ կարատի դիմաց)։
Փորձագետների կարծիքով տաշվելուց հետո այն կարող է ունենալ GIA որակավորմամբ անբասիր(Flawless) մաքրություն
***
Ամերիկյան հանրահայտ դերասանուհի Շիրլի Թեմփլին պատկանող հազվագյուտ կապույտ ադամանդով մատանին վաճառքի կհանվի Sothby’s-2018թ. ապրիլին կայանալիք աճուրդի ժամանակ։ 9,54 կարատ քաշ ունեցող երևակայական խորը կապույտ գույնի(Fancy Deep Blue) VVS2 մաքրության ադամանդը Շիրլիի հայրը գնել էր 7210 ԱՄՆ դոլլարով 1940թ․-ին Շիրլիի 12 ամյակի և նրա <<Կապույտ թռչուն>> ֆիլմի պրեմիերայի կապակցությամբ, իսկ հիմա դրա մեկնարկային գինը կազմում է 25 մլն ԱՄՆ դոլլար։

Sotheby’s -ը մայիսի 16-ին Ժնևում կայանալիք իր աճուրդին վաճառքի է հանել ուրույն ականջօղեր։ Ըստ մասնագետների, զարդն իր դասում ամենաթանկարժեքն է, չնայած այն հանգամանքին, որ օղերում տեղադրված երկու խոշոր քարերի գույները չեն համընկնում։
Քարերից մեկը՝ <<Կապույտ Ապոլլոնը>> 14,54 կարատ քաշ ունեցող, երևակայական պայծառ գույնի անբասիր ադամանդ է (Fancy Vivid Blue, IF), որի ակնկալվող վաճառքի գինը կլինի 38-ից 50 մլն․ ԱՄՆ դոլարի սահմաններում (այսինքն, մոտ 3․4 մլն ԱՄՆ դոլար մեկ կարատի համար)։
Մյուս քարը, <<Վարդագույն Արտեմիսը>>, 16 կարատ քաշով VVS2 մաքրությամբ երևակայական հագեցած վարդագույն (Fancy Intense Pink) ադամանդ է, որի վաճառքի գինը, նախնական գնահատականների համաձայն, կլինի 12․5-ից մինչև 18 մլն ԱՄՆ դոլար (այսինքն մոտ 1․1 մլն ԱՄՆ դոլար մեկ կարատի համար)։

Պետրա Դայմոնդզ ընկերությունը Հարավային Աֆրիկայի Կուլլինան հանքից հայտնաբերել է 138,57 կարատ քաշ ունեցող, D- գույնի, IIa տիպի ալմաստ, որն այդ ընկերությանը պատկանող Կուլլինան հանքից հայտնաբերված խոշոր ալմաստների շարքի վերջին նմուշն է: Ընկերությունը հայտարարել է, որ պատրաստվում է Յոհաննեսբուրգում կայանալիք իր աճուրդում վաճառքի հանել այդ քարը:
Կուլլինանի հանքում խոշոր քարերը եզակի երևույթ չեն: Օրինակ, վերջերս վաճառված 121,16 կարատանոց ալմաստը գնահատվեց $6 մլն ԱՄՆ դոլլար, կամ, օրինակ, 122,52 կարատանոց կապույտ ալմաստը վաճառվեց $23,5 միլիոնով,ինչից հետո բաժանվեց չորս մասի և տաշվելուց հետո դրանցից ամենախոշորը վաճառվեց $25,4 մլն ԱՄՆ դոլլարով:
***
Հանրահայտ Լեսեդի լա Ռոնայի վաճառքը տապալվեց
1109 կարատանոց Լեսեդի լա Ռոնան չհաջողվեց վաճառել ակնկալվող 70 մլն ԱՄՆ դոլլարով: Sotheby’s-ի կազմակերպած աճուրդին դրա համար առաջարկված գինը չանցավ 61 մլն-ից:
Այդ պատճառով որոշվեց, որ քարը դեռևս կմնա Լուկարա Դայմոնդում, որի արժեթղթերը, իմիջիայլոց, քարը հայտնաբերելուց հետո կրկնակի աճ էին գրանցել, իսկ վաճառքի տապալվելուց հետո արժեզրկվեցին մոտ 15%-ով:
***
Ռուսական ALROSA ընկերությունը Յակուտիայի Զառնիցա հանքից հայտնաբերել է 207.29 կարատ քաշ ունեցող ոսկերչական նշանակության ալմաստ: Այն Զառնիցայում երբևե հայտնաբերված ամենախոշոր ալմաստն է: Քարն ունի թեթևակի ռելիեֆ և դեռևս անուն չունի:

***
2016 թվականի հունիսի 29-ին Sotheby’s աճուրդի տունը պատրաստվում է վաճառքի ներկայացնել անցյալ տարվա նոյեմբերին հայտնաբերված իր մեծությամբ աշխարհում երկրորդ ալմաստը: Ոսկերչական նշանակություն ունեցող 1109 կարատանոց այդ քարը անվանվել է <<Լեսեդի լա Ռոնա>>, որը Բոտսվանայի բնիկ ցեղախմբերի լեզվով նշանակում է մեր լույս: Մասնագետների կարծիքով երեսակումից հետո այն կդառնա, թերևս, աշխարհի ամենամեծ ադամանդը: Դրա վաճառքի ակնկալվող գումարը կազմում է 70 մլն ԱՄՆ դոլլար, սակայն կա հավանականություն, որ առաջարկները կգերազանցեն նախնական սպասելիքները:

Մինչ օրս Sotheby’s-ում վաճառված ամենաթանկ ադամանդը <<Բլյու Մունն>> է, որը, ինչպես մենք արդեն հայտնել էինք, 2015-ի ավարտին վաճառվեց 48.5 մլն ԱՄՆ դոլլարով:
Christie’s աճուրդի տունը հայտարարել է, որ պատրաստվում է վաճառել երբևե աճուրդի հանված ամենախոշոր կապույտ ադամանդը՝ դրանով իսկ եզրափակելով վաճառքի ներկայացված խոշոր գունագեղ ադամանդների շարքը:
14,62 կարատ քաշով երևակայական պայծառ կապույտ ադամանդը կգլխավորի մայիսի 18-ին Ժնևում կայանլիք աճուրդը: Ըստ Christie’s աճուրդի տան մասնագետների հայտարարության, այդ քարի վաճառքի ակնկալվող գինը պետք է կազմի 38-ից 45 մլն. ԱՄՆ դոլլար: Քարը կոչվում է <<Օփենհեյմերի կապույտ>>: Այն անվանված է իր նախկին սեփականատիրոջ՝ Ֆիլիպ Օփենհեյմերի պատվին, ով 1975 թվականից մինչ իր մահը՝ 1995 թվականը, գլխավորել է Diamond Trading Company-ն:

GIA-ի ներկայացրած վիճակագրական տվյալներից պարզ է դարձել, որ վերջին ժամանակաշրջանում փորձաքննության ներկայացված 462 կապույտ ադամանդներից միայն 1%-ն է երևակայական պայծառ կապույտ:
***
Sotheby’s աճուրդի տունը Հոնկոնգում վաճառել է <<Դե Բիրս Միլենիում>> ադամանդը 31,8 մլն ԱՄՆ դոլլարով:
Օվալաձև տաշվածքով, 10,10 կարատանոց երևակայական պայծառ կապույտ անբասիր ադամանդի կարատի գինը կազմել է 3,2 մլն ԱՄՆ դոլլար:
Այս ադամանդը ձեռք է բերվել Ասիայում, մասնավոր հավաքածուից, և հանդիսանում է միակ օվալաձև քարը 12 հազվագյուտ ադամանդների միջև, որոնցից 11-ը կապույտ են, իսկ մեկն անգույն:
Ասիական շուկայում նախորդ ռեկորդային գինը սահմանվել էր 118.28-կարատանոց D գույնի անբասիր ադամանդի վաճառքի ժամանակ: Քարը վաճառվել էր 30,6 մլն ԱՄՆ դոլլարով:
ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԻՄԱՆԱԼ...
Christie’s աճուրդային տունը վաճառքի է հանել 16,08 կարատ քաշ ունեցող բարձանման տաշվածքի (cushion cut) երևակայական պայծառ վարդագույն գույնի ադամանդը (fancy vivid pink): Ակնկալվող վաճառքի գինը պետք է կազմի 23-28 մլն դոլար: Քարի ներկայիս տերը Նյու-Յորքից է և գնել է այն 10 տարի առաջ, ներդրում կատարելու նպատակով:
Որոշ մասնագետների կարծիքով վաճառքի գինը կարող է գերազանցել 32 մլն դոլարը, այսինքն 2մլն դոլար՝ 1 կարատի համար:
Դրանից ավելի փոքր, ընդամենը 8,72 կարատ, նույն բարձանման տաշվածքի և երևակայական պայծառ գույնի ադամանդը վաճառվեց այս տարի, մայիսին, Sotheby's-ի աճուրդում, 15,9 մլն դոլարով: Առհասարակ, նման արտահայտված և պայծառ գույն ունեցող ադամանդները զարմանալի կերպով միշտ գտնում են իրենց գնորդին, անկախ ամեն տեսակի քաղաքական և տնտեսական ճգնաժամերից:
***
Sotheby's աճուրդի տունը ներկայացրել է հանրությանը 12,03 կարատ քաշ ունեցող երևակայական պայծառ կապույտ (fancy vivid blue) և անբասիր (internally flawless) ադամանդը: Աճուրդը կկայանա սույն թվականի նոյեմբերի 11-ին: Ակնկալվող վաճառքի գինը 34-53,5 մլն դոլար է:

Քարը կոչվում է Blue Moon: Այն հայտնաբերել է Petra Diamonds ընկերությունը Հարավ-Աֆրիկյան «Կուլինան» հանքում: Անմշակ վիճակում քարի քաշը կազմում էր 29,62 կարատ:

Մշակման ընթացքում հեռացվեցին բոլոր բնական արատները, թեև քարը կորցրեց 17,5 կարատից ավելի քաշ:
Արդյունքում ադամանդի քաշը կազմեց 12,03 կարատ
: